Պատկերացրու, որ դիմել ես քո երազած ընկերություն աշխատանքի համար։ Քեզ զանգահարում են ու կանչում հարցազրույցի։
Դու ամբողջ գիշեր պատրաստվել ես, պատկերացրել՝ ինչ հարցեր կարող են տալ, ու մտքում կազմել բոլոր պատասխանները։
Հաջորդ օրը պատշաճ կերպով ներկայանում ես հարցազրույցի։
Դու գալիս ես տուն, մտածում հնարավոր արդյունքի մասին։ Քեզ զանգահարում են այն ընկերությունից, որտեղ գնացել էիր հարցազրույցի, ու տեղեկացնում, որ չես անցել և արդեն գտել են իրենց աշխատողին։
Եվ դու սկսում ես մտածել՝ ինչու։
Հարց՝ արդյոք այն թեկնածուն, ով անցել էր հարցազրույցը, շատ ավելի գիտելիքներ ուներ կամ փորձ թափուր աշխատատեղի վերաբերյալ, քան դու։
2022 թվականի նոյեմբերի 17-ին անցկացվեց Արդարադատության նախարարության հայտարարած նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման հերթական ստուգումը։
Հայտ է ներկայացրել 115 անձ։
115 դիմորդներից դրական միավորներ են ստացել թվով 64 դիմորդ՝ ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն, չինարեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն և իսպաներեն լեզուներից։
Հարց՝ արդյոք նրանք, ովքեր չեն ստացել դրական միավորներ, ավելի քիչ գիտելիքներ ունեին, քան նրանք, ովքեր ստացել են։
Երբեմն նախապատրաստական փուլը կարող է վճռորոշ դեր ունենալ ինչպես ձեր երազանքի ընկերությունում աշխատանք գտնելու, այնպես էլ մասնագիտական նվաճումներ գրանցելու գործում։
Հարց՝
Իսկ ինչո՞ւ դու չհատեցիր անցողիկ շեմը։
Ինտերպրես Արմենիան, ամփոփելով քննության արդյունքները, ներկայացնում է իր հետևությունները, որոնք կարող էին խոչընդոտել քեզ ստանալու որակավորումը։
Սեղմիր այստեղ՝ իմանալու, թե ինչպես անցնել ստուգումը և ստանալ որակավորումը։
1․ Դու չգիտեիր՝ ինչպես պատրաստվել կամ չգիտեիր՝ ինչ է լինելու ստուգմանը
Շատերի մոտ ծագում է հարց՝ ինչ է լինելու քննությանը, ինչպես պատրաստվել։
ՀՀ Արդարադատոության նախարարության վեբ կայքի հայտարարություններ բաժնում տեղադրված է ինֆորմացիա, որում մասնավորապես նշված է՝
Որակավորման ստուգման համար դիմողներին տրվելու են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:
Քանի որ նոտարական վավերացման ենթակա փաստաթղթերի ոճը և եզրույթաբանությունը տարակերպ են, ապա բնական է, որ մասնակիցները կարող է չկողմնորոշվեն՝ ինչից սկսել և ինչով ավարտել։
Եվ այդպիսով շատերը վերցնում են մի քանի բառարան, գտնում և դուրս են գրում բառերի ցանկ, որն ըստ իրենց պետք կգա ստուգման ընթացքում։
Լավագույն դեպքում, ծանոթի կամ ընկերոջ խորհրդին հետևելով, համացանցում գտնում են ՀՀ Սահմանադրությունն ու Քաղաքացիական օրենսգիրքը և կարդում։
Ինտերպրեսի Խորհուրդը։ Որակավորման ստուգման նպատակն է ստուգել մասնակցի ինչպես լեզվական, այնպես էլ թարգմանչական գիտելիքներն ու հմտությունները։ Իսկ թարգմանչի աշխատանքը չի սկսվում և վերջանում բառապաշարի իմացությամբ։ Այն պահանջում է թարգմանվող ոլորտի վերաբերյալ գիտելիքներ, այս դեպքում՝ իրավաբանական և վարչական։
Սա հանգեցնում է մեզ մեկ այլ հնարավոր խոչընդոտող հանգամանքի՝
2․ Չես տիրապետում համապատասխան բառապաշարին կամ զուգակշիռ ֆոնային գիտելիքներ չունես թարգմանվող տեքստերի ոլորտի վերաբերյալ
Իրավաբանական և վարչական ոլորտը առանձնանում է իր ուրույն ոճով, իսկ բառապաշարը ակնհայտ կերպով, և երբեմն ոչ այդքան, տարբերվում է այլ ոլորտների բառապաշարից։
Հետևաբար բառերի և արտահայտությունների ճիշտ կիրառումը պահանջում է խորը և բովանդակ գիտելիք։
Օրինակ՝
Կատարել բառն ունի մի քանի իմաստ հայերենում
Իսկ անգլերենում այդ բայի համարժեքը մի քանի տասնյակ են։
Բնագիր՝
Սույն պայմանագրով որոշված պարտականությունները կատարելիս Գործակալը պետք է գործի Պրինացիպալի ցուցումներին համապատասխան։
Թարգմանություն՝
The agent shall act pursuant to the instructions of the Principal while performing the obligations specified in this Agreement.
Բերված օրինակում թարգմանիչը կատարել բայի համարժեքը գտնելու առանձնապես խնդիր չունի՝ օգտագործելով perform, carry out, fulfill բայերը, որոնք ունեն կատարել իմաստը անգլերենում։
Այժմ նայենք հետևյալ օրինակին՝
Սույն կետով նախատեսված անակցեպտ գանձումը Բանկն իրավունք ունի կատարել համապատասխան գումարները վճարման ենթակա դառնալու օրը։
Իսկ այս օրինակում կատարել բայը չենք կարող ուղիղ թարգմանել դեպի անգլերեն, քանի որ չենք կարողանա իմաստը լրիվ փոխանցել թիրախային լեզվում և պահպանել լեզվի առանձնահատկությունն ու ինքնահատկությունը։
Ուստի տվյալ դեպքում անհրաժեշտ է վերլուծել նախադասությունը, հասկանալ իմաստը, բնագրում օգտագործված բառի (կատարել) կիրառման նպատակը և իմաստը վերարտադրել այլ լեզվով, ինչպես արված է ներքոնշյալ օրինակում։
The Bank shall be entitled to charge the specified amounts directly without further instruction or consent of the Borrower on the date such amounts become due.
Նայենք հետևյալ օրինակը՝
Ազգային ժողովի Ժամանակավոր հանձնաժողովներ
Temporary committees of the National Assembly
Առաջին հայացքից ճիշտ թարգմանություն։
Բայց մասնագետ – թարգմանիչը, ունենալով ֆոնային գիտելիքներ, կկիրառի ժամանակավոր բառի հետևյալ համարժեքը՝
Ad Hoc Committees
Ինչո՞ւ։
Ad Hoc-ը լատիներեն ծագմամբ բառ է, որը նշանակում է իրավիճակային, պայմանական։
Այս համատեքստում ժամանակավոր հանձնաժողովը ունի հետևյալ իմաստը՝
Առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի, ինչպես նաև պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ: (Աղբյուր՝ ՀՀ Սահմանադրություն, Հոդված 107)
Որն էլ առաջ է բերում հետևյալ ենթադրյալ խոչընդոտը՝
3․ Դու բավարար փորձ չունեիր
Իրավաբանական ոլորտի թարգմանությունը ենթադրում է բավականաչափ փորձ։ Մի բան է տիրապետել բառապաշարին, մեկ այլ բան է կարողանալ տեքստը ճիշտ վերարտադրել մյուս լեզվով՝ պահելով ելակետային տեքստում օգտագործված բառի բոլոր նրբերանգները։
Բացի դա պետք է գերազանց տիրապետել յուրաքանչյուր լեզվի կառույցներին, շարադասությանը։
Այն շարադասությունը, որը գեղեցիկ ու սահուն է հնչում մի լեզվում, կարող է չկապակցված և անսահ հնչել մեկ այլ լեզվում։ Եվ այստեղ ամենևին կապ չունի՝ որքան ճիշտ ու տեղին են ընտրված բառերի համարժեքները։
Օրինակ՝
Բնագիր։ If the Buyer transmits any personal information to Supplier, Supplier warrants that Supplier shall not transfer such personal information to any third party or use it for any purpose other than as described in this Agreement. (Աղբյուր՝ Մատակարարման պայմանագիր)
Ոչ կատարյալ թարգմանություն։ Եթե Գնորդը փոխանցում է ցանկացած անձնական տեղեկություն Մատակարարին, Մատակարարը երաշխավորում է, որ Մատակարարը չի փոխանցում այդպիսի անձնական տեղեկությունը երրորդ անձանց կամ չի օգտագործում դա ցանկացած այլ նպատակով բացի նրանից, որը նշված է Պայմանագրում։
Առաջին հայացքից բառերի իմաստները և առհասարակ նախադասության իմաստը քիչ թե շատ ճիշտ են վերարտադրված։
Բայց եթե մի կողմ դնենք բնագիրը, և կարդանք թարգմանությունը, կնկատենք, որ այն ամենևին չի հետևում հայերենի շարադասությանը և, ամենակարևորը, չի հնչում հայերեն։
Իսկ հիմա եկեք նայենք ստորև բերված օրինակը։
Ճշգրիտ թարգմանություն 2։ Մատակարարը երաշխավորում է, որ Գնորդի կողմից Մատակարարին հայտնած որևէ տեղեկություն ենթակա չէ երրորդ անձանց փոխանցման կամ Պայմանագրով նախատեսվածից բացի այլ նպատակով կիրառման։
4․ Դու ճիշտ չես կառավարել ժամանակդ
Եվ, հետևաբար, չես հասցրել հանձնել թարգմանության ավարտուն տարբերակ կամ չես հասցրել ամբողջությամբ մաքրագրել աշխատանքդ։
Ստուգման համար տրվում է 3 ժամ ժամանակ, որի ընթացքում մասնակիցը պետք է թարգմանի տեքստերը մի լեզվից մյուսը և հակառակը, և քանի որ ստուգումն անց է կացվում գրավոր (ձեռագիր)՝ թղթային կրիչի վրա, ու հավանաբար պետք է հասցնի մաքրագրել աշխատանքը։
Այստեղ է, որ առաջ են գալիս ժամանակի ճիշտ կառավարման մի քանի հնարներ։
Ինտերպրես Արմենիան ներկայացնում է սույն դեպքի համար մի քանի փորձված հնարներ՝
Նախապատրաստական, մինչքննական փուլ՝
- Ստուգումից առնվազն մի շաբաթ առաջ սկսիր սիստեմատիկ օրական առնվազն մի ժամ տրամադրել պրակտիկ թարգմանությանը հայերենից ձեր ընտրած լեզուն և հակառակը։ Եվ դա արա ժամանակը պահելով, որպեսզի կարողանաս օրեցօր նվազեցնել թարգմանությանը տրամադրվող ժամանակահատվածը։
- Առնվազն կես ժամ տրամադրիր ոլորտի բնագրով տեքստեր կարդալուն։
- Վստահ եղիր, որ կարող ես օգտվել այն նյութերից, բառացանկերից, որոնք քեզ հետ տանելու ես քննասենյակ։
Եթե չգիտեք՝ ինչպես արագ և արդյունավետ օգտվել դրանցից, ապա ձեզ սպասվում է այս խոչընդոտին՝ որն է ժամանակի մեջ չտեղավորվելուն բախվելը։
Ամփոփելով նյութը՝ եզրահանգենք մի քանի կետ, որոնց հետևելով կկարողանաս արդարացնել քո և քո գործատուների սպասելիքները՝
-
Ամեն հմտություն և գիտելիք, ինչպես այս դեպքում, զարգանում է փորձով և էլի փորձով։
-
Որպեսզի կարողանաս ցուցադրել գիտելիքներդ, նախ պետք է դրանք ձեռք բերես, հետո զարգացնես և համապատասխան ժամանակում դրանք դրսևորելու հնարներին տիրապետես։
Հրաժարագիր՝
Այս և բոլոր հոդվածները ներառում են կարծիքներ, վերլուծական հետևություններ, խորհուրդներ, տեսակետներ, որոնք պատկանում են Ինտերպրես Արմենիա թիմին։ Ինտերպրես Արմենիան միտում չունի որևէ կերպ պարսավել, կասկածի տակ դնել այլ ընկերությունների կամ անձանց գործունեությունը, արտահայտած տեսակետները։ Հոդվածների նպատակն է ընթերցողի հետ կիսվել գիտելիքով, արտահայտել կարծիք ոլորտի որևէ նորության, իրողության վերաբերյալ և զարգացնել ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունները և իրազեկությունը։ Յուրաքանչյուր տեղեկություն մինչ այս էջում հրապարակվելը ճշտվում է առանձնահատուկ շրջահայացությամբ և պատասխանատվությամբ։ Այլ վեբ կայքերից կամ որևէ այլ աղբյուրներից ցանկացած մեջբերում պատշաճ կերպով ներկայացված է հղմամբ։ Որևէ թյուր կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնաբերելիս խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ էլ․ հասցեի՝ info@interpres.am միջոցով։