ԻՆՏԵՐՊՐԵՍԸ շարունակում է բարձրացնել թարգմանչության ոլորտում հարցեր և թեմաներ, որոնք մատուցվում են ի զարգացում ՀՀ-ի թարգմանչական ոլորտի և ի նպաստ գործող թարգմանիչների մասնագիտական աճի։

Նախորդ բլոգում Ինտերպրեսն անդրադարձավ այն հնարավոր հանգամանքներին, որոնք խոչընդոտ հանդիսացան հատել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման անցողիկ շեմը և ստանալ որակավորում։

Հանգամանքներին կից մենք առաջարկեցինք նաև լուծումներ և հնարներ, որոնց վրա ուշադրություն դարձնելը մասնակիցներին կարող է տալ որակավորումը ստանալու զգալի հնարավորություն։

Շարունակելով մեր փնտրտուքները՝ այս անգամ մենք որոշել ենք հարցում անցկացնել նախորդ տարվա որակավորման ստուգմանը մասնակցած անձանց շրջանում։

Որո՞նք են հարցերը և ի՞նչ տրամաբանություն է ընկած դրանց ընտրման հիմքում՝

ՀԱՐՑԵՐ՝ Նախապատրաստական փուլ

  1. Արդյո՞ք առաջին անգամ եք մասնակցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանը։
  2. Ի՞նչ կրթություն ունեք։ (*Նշել հնարավորինս մանրամասն)
  3. Արդյո՞ք թարգմանչության փորձ ունեցել եք։ Եթե այո, ապա քանի՞ տարվա և ո՞ր ոլորտներում։
  4. Որքա՞ն ժամանակ եք տրամադրել ստուգմանը պատրաստվելուն։
  5. Ինչպե՞ս եք պատրաստվել։ Ո՞ր աղբյուրներից եք օգտվել։
  6. Ստացե՞լ եք արդյոք որակավորումը։ Եթե ոչ, որո՞նք են պատճառներն ըստ Ձեզ։
  7. Արդյո՞ք ժամանակի մեջ տեղավորվել եք։
  8. Ո՞ր բառաններից եք օգտվել։
  9. Կայի՞ն բառեր, որոնք չեք գտել Ձեր բառաններում։
  10. 1-5 բալանի համակարգով նշեք թարգմանվող տեքստերի բարդության աստիճանն ըստ Ձեզ։
  11. Հետադարձ հայացք գցելով՝ որո՞նք են այն ասպեկտները, որոնց վրա ավելի շատ աշխատելը կօգներ Ձեզ դրական արդյունք ստանալ։

 

Հարցերի հիմքում ընկած է տարակարծության և բազմակարծության ապահովումը և դրա արդյունքում հնարավոր վերլուծությունների աղբյուր ունենալը, որոնց ընդհանուրի գերնպատակն է ստեղծել ոլորտը զարգացնելու, ինչպես նաև դրանում անհրաժեշտ ու պիտանի փոփոխություններ իրականացնելու համար հող։

Ամփոփելով տվյալները՝

Հարցմանը մասնակցել է 25 դիմորդ, որոնցից 16-ը մասնակցել և ստացել են որակավորումը, իսկ մնացածը չեն հատել անցողիկ շեմը։

Սույն բլոգում Ինտերպրեսը ներկայացնում է հարցման արդյունքները և հանդես գալիս անկողմնակալ հետևություններով։

1․ Արդյո՞ք առաջին անգամ եք մասնակցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանը։

Հարցման մասնակցած անձանց 90 տոկոսը առաջին անգամ է մասնակցել ստուգմանը։

2․ Ի՞նչ կրթություն ունեք։ (*Նշել հնարավորինս մանրամասն)

Թեպետ ստուգմանը մասնակցած անձանց մեծամասնությունը լեզվաբան, բանասեր է, բայց կան նաև այլ ոլորտի մասնագետներ, մասնավորապես՝ իրավաբաններ։ Հետաքրքրական է այն փաստը, որ հարցմանը մասնակցած իրավաբաններից բոլորը հատել են անցողիկ շեմը։

3․ Արդյո՞ք թարգմանչության փորձ ունեցել եք։ Եթե այո, ապա քանի՞ տարվա և ո՞ր ոլորտներում։

Հարցմանը մասնակիցներից մեկը արաբագետ է եղել, ով առանց որևէ թարգմանչական փորձի հատել է անցողիկ շեմը և ստացել որակավորումը։ Իմիջայլոց, վերջինս եղել է Ինտերպրես Արմենիայի կազմակերպած դասընթացի մասնակից։

4․ Որքա՞ն ժամանակ եք տրամադրել ստուգմանը պատրաստվելուն։

Ուշագրավ է, որ ստուգմանը մասնակցած անձանցից շատերը պատրաստվել են 2 ամսից ոչ ավել, որոնցից շատերը հատել են ացնողիկ շեմը։ Մինչդեռ շատ մարդիկ, ունենալով ավելի քան 5 տարվա փորձ, ձախողել են ստուգումը։

5․ Ինչպե՞ս եք պատրաստվել։ Ո՞ր աղբյուրներից եք օգտվել։

Ի պատասխան այս հարցի՝ մասնակիցներից մեկը գրել է յուրօրինակ մեկնաբանություն։

Մեջբերումը՝  ստորև

ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2002թ. մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված՝ «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգով» և ՀՀ կառավարության 2018թ.-ի դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված՝ «Թարգմանչի որակավորման կարգով» թարգմանչի որակավորման ստուգման որևէ հարցաշարի կամ ստուգման առաջադրանքների որևէ շտեմարանի կամ որևէ այլ ուղեցույցի առկայության պահանջ չի նախատեսվում, ինչը դիմումատուին զրկում է որակավորման ստուգմանը նախապատրաստվելու հնարավորությունից: Մինչդեռ նույնը չի կարելի պնդել, օրինակ, դատավորների որակավորման ստուգման դեպքում, քանի որ ՀՀ դատական իշխանության պաշտոոնական կայքում (https://court.am/hy/competitions) զետեղված են դատավորների թեկնածուների համար նախատեսված որակավորման ստուգման գրավոր քննության նմուշ-օրինակներ:

6․ Ստացե՞լ եք արդյոք որակավորումը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառներն ըստ Ձեզ։

Հետաքրքիր պատասխան է տրվել նաև այս հարցին։ Մեջբերումը՝ ստորև

ՊԱՏԱՍԽԱՆ։

Որակավորումը չեմ ստացել:

Թարգմանության բնօրինակը պարունակել է այնպիսի օտարալեզու իրավական հասկացություններ ու կատեգորիաներ, որոնց թարգմանությունը պահանջել է ոչ միայն լեզվական գիտելիքների, թարգմանչական հմտությունների կամ բառարանների առկայություն, այլև նեղ մասնագիտական իրավական հետազոտություն դոկտրինալ աղբյուրներում, ինչը համացանցից օգտվելու՝ օրենսդրությամբ սահմանված արգելքի առկայության պայմաններում, ինձ զրկել է գրավոր ստուգման առաջադրանքի զգալի մասը թարգմանելու հնարավորությունից:

Մասնավորապես, անգլերեն թարգմանության բնօրինակում տեղ գտած «Probate Code» հասկացությունը իրավական անգլերենի բառարաններում (օրինակ՝ Black’s Law Dictionary, by Henry Campbell Black, M.A., 4th Ed., Rev., page 1366) բացատրվում է որպես բոլոր այն հարցերին վերաբերող օրենքների ժողովածու կամ համակարգ, որոնց քննությունը վերապահված է [«Probate» անվանմամբ] դատարանների ենթակայությանը: Մեկ այլ՝ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության անգլերենի բառարանում (https://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/probate_1?q=probate) «probate» եզրույթը մեկնաբանվում է կտակը հաստատելու իմաստով: Եվ բացառապես Կալիֆոռնիայի 2005թ. օրենսդրության (https://law.justia.com/codes/california/2005/prob.html) բովանդակության վերլուծության արդյունքում է հնարավոր եզրակացնել, որ խոսքը վերաբերում է ոչ թե կտակի հաստատմանը, այլ քաղաքացիական իրավունքի հետազոտման առարկա համարվող ժառանգման ինստիտուտին: Ուստի, տվյալ եզրույթը թարգմանվում է ոչ թե որպես «Կտակի հաստատման օրենսգիրք», այլ «Ժառանգման հարցերով կանոնագիրք» (օրենսգիրքը մեկից ավելի քաղաքացիաիրավական ինստիտուտներ կարգավորող իրավական ակտ է, մինչդեռ ժառանգման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից միայն մեկն է): Նույնը վերաբերում է նաև անգլերեն թարգմանության բնօրինակում տեղ գտած «omitted spouse» իրավական կատեգորիային, որը բացառապես Կալիֆոռնիայի 2005թ. օրենսդրության (https://law.justia.com/codes/california/2009/prob/21610-21612.html) վերլուծության արդյունքում է հնարավոր պարզել, որ խոսքը վերաբերում է այն ամուսնուն, ում հետ ամուսնությունը կնքվել է մյուս ամուսնու կողմից կտակը կազմելուց հետո, ուստիև՝ նա չի ներառվել կտակում: Հետևաբար, հիշատակված եզրույթն անհրաժեշտ է թարգմանել ոչ թե որպես «բաց թողնված ամուսին», այլ «անժառանգ ամուսին»: Նույնը կարելի է նաև պնդել բնօրինակում տեղ գտած «probate homestead», «exempt property» և մի շարք այլ հասկացությունների պարագայում:

 

Մեկ այլ մասնակից նշել է՝

Ոչ: Թարգմանություններ կատարելիս միշտ օգտվել եմ օնլայն բառարաններից և որոնումներ եմ կատարել օնլայն հարթակում, իսկ որակավորման քննության ժամանակ բառարաններից օգտվելը անարդյունավետ էր և ժամանակատար, քանի օր բառերի կոնտեքստային իմաստը գրեթե անհնար էր բառարանից գտնել, իսկ որոշ բառեր պարզապես չկային:

Այլ մասնակցի պատասխան՝

Անկախ նրանից, որ մասնակիցը ունեցել է 18-20 տարվա փորձ, բայց չի հատել անցողիկ շեմը, որի պատճառն ըստ իր՝ մեջբերում՝

ոչ օբյեկտիվ մոտեցում

Մեկ այլ պատասխան 7 տարվա փորձով մասնակցից։

1.Չեմ ստացել: 2.Նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերի ոլորտի մասին պատկերացում չունենալը, մասնավորապես՝ Ժառանգության մասին օրենքը չիմանալը: Տերմինները չիմանալը: Հայերենով լավ բառարան չունենալը: Ես տերմինների վրա շատ ժամանակ եմ ծախսել, չեմ հասցրել իմ գրածը կարդալ, չնայած ստուգողների համար տերմինները երկրորդական էին: Նաև ստուգողը սահմանափակ գիտելիքներ ուներ ու շատ սխալներ անտեսել է ու ճիշտ գրածներ սխալ համարել:

 

10․ ՀԱՐՑ։ 1-5 բալանի համակարգով նշեք թարգմանվող տեքստերի բարդության աստիճանն ըստ Ձեզ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Տեքստերի բարդությունը միջինում 1-5 բալանի համակարգում միջինը նշվել է 4-ը։

11․ ՀԱՐՑ։ Հետադարձ հայացք գցելով՝ որո՞նք են այն ասպեկտները, որոնց վրա ավելի շատ աշխատելը կօգներ Ձեզ դրական արդյունք ստանալ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ արագաշարժություն

ՊԱՏԱՍԽԱՆ։ Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ օրենսգրքերը կարդալու, համապատասխան բառապաշարը յուրացնելու վրա և կընտրեմ ճիշտ բառարաններ:

ՊԱՏԱՍԽԱՆ։ Որակավորման ստուգման գրավոր առաջադրանքներն անհրաժեշտ է կազմել այնպես, որ դրանք կամ չներառեն իրավական գրականության շրջանակներում լրացուցիչ հետազոտություն պահանջող եզրույթներ ու հասկացություններ, կամ ներառելու դեպքում՝ դիմումատուին տրամադրվի համացանցից օգտվելու իրավաչափ հնարավորություն:

 

Այսպիսով, հարցմանը մասնակիցների տված պատասխաններից կարելի է անել հետևյալ ենթադրությունները՝

Արդյո՞ք տարիների մասնագիտական փորձը ուղիղ համեմատական է ստուգման մասնակցության արդյունքին՝ ՈՉ

Անկախ ստուգման անցնելու կամ չանցնելու հանգամանքից՝ մասնակիցների 80 տոկոսից ավելին բարդության աստիճանը 1-5 բալանի համակարգով գնահատել են 4։

Ըստ մասնակիցների՝ այն ասպեկտները, որոնց վրա աշխատելը կօգներ ավելի լավ ներկայանալ քննությանը դրանք են՝

  • ժառանգության մասին ՀՀ և այլ երկրների օրենսդրության իմացություն, նոտարական ոլորտի փաստաթղթերի մասին պատկերացում
  • Արդի պայմանագրեր և արագաշարժություն

 

Արդյո՞ք մասնակիցները համաձայն են պատասխանների արդյունքների հետ՝

Հարցմանը մասնակցած և ստուգումը չանցած անձանց 20 տոկոսը կարծում է, որ թարգմանվող տեքստերի ընտրության մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու պարագայում որակավորման ստուգումը կունենա առավել անկողմնակալ մոտեցում։

 

ԻՆՏԵՐՊՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր մասնակցեցին հարցմանը և իրենց անկեղծ կարծիքով կիսվեցին։