ՀԱՐՑՈւՄ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՈւՄ | ԱՀԱ, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ԵԶՐԱԿԱՑՐԵԼ
ԻՆՏԵՐՊՐԵՍԸ շարունակում է բարձրացնել թարգմանչության ոլորտում հարցեր և թեմաներ, որոնք մատուցվում են ի զարգացում ՀՀ-ի թարգմանչական ոլորտի և ի նպաստ գործող թարգմանիչների մասնագիտական աճի։
Նախորդ բլոգում Ինտերպրեսն անդրադարձավ այն հնարավոր հանգամանքներին, որոնք խոչընդոտ հանդիսացան հատել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման անցողիկ շեմը և ստանալ որակավորում։
Հանգամանքներին կից մենք առաջարկեցինք նաև լուծումներ և հնարներ, որոնց վրա ուշադրություն դարձնելը մասնակիցներին կարող է տալ որակավորումը ստանալու զգալի հնարավորություն։
Շարունակելով մեր փնտրտուքները՝ այս անգամ մենք որոշել ենք հարցում անցկացնել նախորդ տարվա որակավորման ստուգմանը մասնակցած անձանց շրջանում։
Որո՞նք են հարցերը և ի՞նչ տրամաբանություն է ընկած դրանց ընտրման հիմքում՝
ՀԱՐՑԵՐ՝ Նախապատրաստական փուլ
- Արդյո՞ք առաջին անգամ եք մասնակցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանը։
- Ի՞նչ կրթություն ունեք։ (*Նշել հնարավորինս մանրամասն)
- Արդյո՞ք թարգմանչության փորձ ունեցել եք։ Եթե այո, ապա քանի՞ տարվա և ո՞ր ոլորտներում։
- Որքա՞ն ժամանակ եք տրամադրել ստուգմանը պատրաստվելուն։
- Ինչպե՞ս եք պատրաստվել։ Ո՞ր աղբյուրներից եք օգտվել։
- Ստացե՞լ եք արդյոք որակավորումը։ Եթե ոչ, որո՞նք են պատճառներն ըստ Ձեզ։
- Արդյո՞ք ժամանակի մեջ տեղավորվել եք։
- Ո՞ր բառաններից եք օգտվել։
- Կայի՞ն բառեր, որոնք չեք գտել Ձեր բառաններում։
- 1-5 բալանի համակարգով նշեք թարգմանվող տեքստերի բարդության աստիճանն ըստ Ձեզ։
- Հետադարձ հայացք գցելով՝ որո՞նք են այն ասպեկտները, որոնց վրա ավելի շատ աշխատելը կօգներ Ձեզ դրական արդյունք ստանալ։
Հարցերի հիմքում ընկած է տարակարծության և բազմակարծության ապահովումը և դրա արդյունքում հնարավոր վերլուծությունների աղբյուր ունենալը, որոնց ընդհանուրի գերնպատակն է ստեղծել ոլորտը զարգացնելու, ինչպես նաև դրանում անհրաժեշտ ու պիտանի փոփոխություններ իրականացնելու համար հող։
Ամփոփելով տվյալները՝
Հարցմանը մասնակցել է 25 դիմորդ, որոնցից 16-ը մասնակցել և ստացել են որակավորումը, իսկ մնացածը չեն հատել անցողիկ շեմը։
Սույն բլոգում Ինտերպրեսը ներկայացնում է հարցման արդյունքները և հանդես գալիս անկողմնակալ հետևություններով։
1․ Արդյո՞ք առաջին անգամ եք մասնակցել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանը։
Հարցման մասնակցած անձանց 90 տոկոսը առաջին անգամ է մասնակցել ստուգմանը։
2․ Ի՞նչ կրթություն ունեք։ (*Նշել հնարավորինս մանրամասն)
Թեպետ ստուգմանը մասնակցած անձանց մեծամասնությունը լեզվաբան, բանասեր է, բայց կան նաև այլ ոլորտի մասնագետներ, մասնավորապես՝ իրավաբաններ։ Հետաքրքրական է այն փաստը, որ հարցմանը մասնակցած իրավաբաններից բոլորը հատել են անցողիկ շեմը։
3․ Արդյո՞ք թարգմանչության փորձ ունեցել եք։ Եթե այո, ապա քանի՞ տարվա և ո՞ր ոլորտներում։
Հարցմանը մասնակիցներից մեկը արաբագետ է եղել, ով առանց որևէ թարգմանչական փորձի հատել է անցողիկ շեմը և ստացել որակավորումը։ Իմիջայլոց, վերջինս եղել է Ինտերպրես Արմենիայի կազմակերպած դասընթացի մասնակից։
4․ Որքա՞ն ժամանակ եք տրամադրել ստուգմանը պատրաստվելուն։
Ուշագրավ է, որ ստուգմանը մասնակցած անձանցից շատերը պատրաստվել են 2 ամսից ոչ ավել, որոնցից շատերը հատել են ացնողիկ շեմը։ Մինչդեռ շատ մարդիկ, ունենալով ավելի քան 5 տարվա փորձ, ձախողել են ստուգումը։
5․ Ինչպե՞ս եք պատրաստվել։ Ո՞ր աղբյուրներից եք օգտվել։
Ի պատասխան այս հարցի՝ մասնակիցներից մեկը գրել է յուրօրինակ մեկնաբանություն։
Մեջբերումը՝ ստորև
ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2002թ. մարտի 2-ի N 193 որոշմամբ հաստատված՝ «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգով» և ՀՀ կառավարության 2018թ.-ի դեկտեմբերի 20-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված՝ «Թարգմանչի որակավորման կարգով» թարգմանչի որակավորման ստուգման որևէ հարցաշարի կամ ստուգման առաջադրանքների որևէ շտեմարանի կամ որևէ այլ ուղեցույցի առկայության պահանջ չի նախատեսվում, ինչը դիմումատուին զրկում է որակավորման ստուգմանը նախապատրաստվելու հնարավորությունից: Մինչդեռ նույնը չի կարելի պնդել, օրինակ, դատավորների որակավորման ստուգման դեպքում, քանի որ ՀՀ դատական իշխանության պաշտոոնական կայքում (https://court.am/hy/competitions) զետեղված են դատավորների թեկնածուների համար նախատեսված որակավորման ստուգման գրավոր քննության նմուշ-օրինակներ:
6․ Ստացե՞լ եք արդյոք որակավորումը։ Եթե ոչ, ապա որո՞նք են պատճառներն ըստ Ձեզ։
Հետաքրքիր պատասխան է տրվել նաև այս հարցին։ Մեջբերումը՝ ստորև
ՊԱՏԱՍԽԱՆ։
Որակավորումը չեմ ստացել:
Թարգմանության բնօրինակը պարունակել է այնպիսի օտարալեզու իրավական հասկացություններ ու կատեգորիաներ, որոնց թարգմանությունը պահանջել է ոչ միայն լեզվական գիտելիքների, թարգմանչական հմտությունների կամ բառարանների առկայություն, այլև նեղ մասնագիտական իրավական հետազոտություն դոկտրինալ աղբյուրներում, ինչը համացանցից օգտվելու՝ օրենսդրությամբ սահմանված արգելքի առկայության պայմաններում, ինձ զրկել է գրավոր ստուգման առաջադրանքի զգալի մասը թարգմանելու հնարավորությունից:
Մասնավորապես, անգլերեն թարգմանության բնօրինակում տեղ գտած «Probate Code» հասկացությունը իրավական անգլերենի բառարաններում (օրինակ՝ Black’s Law Dictionary, by Henry Campbell Black, M.A., 4th Ed., Rev., page 1366) բացատրվում է որպես բոլոր այն հարցերին վերաբերող օրենքների ժողովածու կամ համակարգ, որոնց քննությունը վերապահված է [«Probate» անվանմամբ] դատարանների ենթակայությանը: Մեկ այլ՝ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության անգլերենի բառարանում (https://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/probate_1?q=probate) «probate» եզրույթը մեկնաբանվում է կտակը հաստատելու իմաստով: Եվ բացառապես Կալիֆոռնիայի 2005թ. օրենսդրության (https://law.justia.com/codes/california/2005/prob.html) բովանդակության վերլուծության արդյունքում է հնարավոր եզրակացնել, որ խոսքը վերաբերում է ոչ թե կտակի հաստատմանը, այլ քաղաքացիական իրավունքի հետազոտման առարկա համարվող ժառանգման ինստիտուտին: Ուստի, տվյալ եզրույթը թարգմանվում է ոչ թե որպես «Կտակի հաստատման օրենսգիրք», այլ «Ժառանգման հարցերով կանոնագիրք» (օրենսգիրքը մեկից ավելի քաղաքացիաիրավական ինստիտուտներ կարգավորող իրավական ակտ է, մինչդեռ ժառանգման ինստիտուտը քաղաքացիական իրավունքի ինստիտուտներից միայն մեկն է): Նույնը վերաբերում է նաև անգլերեն թարգմանության բնօրինակում տեղ գտած «omitted spouse» իրավական կատեգորիային, որը բացառապես Կալիֆոռնիայի 2005թ. օրենսդրության (https://law.justia.com/codes/california/2009/prob/21610-21612.html) վերլուծության արդյունքում է հնարավոր պարզել, որ խոսքը վերաբերում է այն ամուսնուն, ում հետ ամուսնությունը կնքվել է մյուս ամուսնու կողմից կտակը կազմելուց հետո, ուստիև՝ նա չի ներառվել կտակում: Հետևաբար, հիշատակված եզրույթն անհրաժեշտ է թարգմանել ոչ թե որպես «բաց թողնված ամուսին», այլ «անժառանգ ամուսին»: Նույնը կարելի է նաև պնդել բնօրինակում տեղ գտած «probate homestead», «exempt property» և մի շարք այլ հասկացությունների պարագայում:
Մեկ այլ մասնակից նշել է՝
Ոչ: Թարգմանություններ կատարելիս միշտ օգտվել եմ օնլայն բառարաններից և որոնումներ եմ կատարել օնլայն հարթակում, իսկ որակավորման քննության ժամանակ բառարաններից օգտվելը անարդյունավետ էր և ժամանակատար, քանի օր բառերի կոնտեքստային իմաստը գրեթե անհնար էր բառարանից գտնել, իսկ որոշ բառեր պարզապես չկային:
Այլ մասնակցի պատասխան՝
Անկախ նրանից, որ մասնակիցը ունեցել է 18-20 տարվա փորձ, բայց չի հատել անցողիկ շեմը, որի պատճառն ըստ իր՝ մեջբերում՝
ոչ օբյեկտիվ մոտեցում
Մեկ այլ պատասխան 7 տարվա փորձով մասնակցից։
1.Չեմ ստացել: 2.Նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերի ոլորտի մասին պատկերացում չունենալը, մասնավորապես՝ Ժառանգության մասին օրենքը չիմանալը: Տերմինները չիմանալը: Հայերենով լավ բառարան չունենալը: Ես տերմինների վրա շատ ժամանակ եմ ծախսել, չեմ հասցրել իմ գրածը կարդալ, չնայած ստուգողների համար տերմինները երկրորդական էին: Նաև ստուգողը սահմանափակ գիտելիքներ ուներ ու շատ սխալներ անտեսել է ու ճիշտ գրածներ սխալ համարել:
10․ ՀԱՐՑ։ 1-5 բալանի համակարգով նշեք թարգմանվող տեքստերի բարդության աստիճանն ըստ Ձեզ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ Տեքստերի բարդությունը միջինում 1-5 բալանի համակարգում միջինը նշվել է 4-ը։
11․ ՀԱՐՑ։ Հետադարձ հայացք գցելով՝ որո՞նք են այն ասպեկտները, որոնց վրա ավելի շատ աշխատելը կօգներ Ձեզ դրական արդյունք ստանալ։
ՊԱՏԱՍԽԱՆ։ արագաշարժություն
ՊԱՏԱՍԽԱՆ։ Ավելի շատ ժամանակ կտրամադրեմ օրենսգրքերը կարդալու, համապատասխան բառապաշարը յուրացնելու վրա և կընտրեմ ճիշտ բառարաններ:
ՊԱՏԱՍԽԱՆ։ Որակավորման ստուգման գրավոր առաջադրանքներն անհրաժեշտ է կազմել այնպես, որ դրանք կամ չներառեն իրավական գրականության շրջանակներում լրացուցիչ հետազոտություն պահանջող եզրույթներ ու հասկացություններ, կամ ներառելու դեպքում՝ դիմումատուին տրամադրվի համացանցից օգտվելու իրավաչափ հնարավորություն:
Այսպիսով, հարցմանը մասնակիցների տված պատասխաններից կարելի է անել հետևյալ ենթադրությունները՝
Արդյո՞ք տարիների մասնագիտական փորձը ուղիղ համեմատական է ստուգման մասնակցության արդյունքին՝ ՈՉ
Անկախ ստուգման անցնելու կամ չանցնելու հանգամանքից՝ մասնակիցների 80 տոկոսից ավելին բարդության աստիճանը 1-5 բալանի համակարգով գնահատել են 4։
Ըստ մասնակիցների՝ այն ասպեկտները, որոնց վրա աշխատելը կօգներ ավելի լավ ներկայանալ քննությանը դրանք են՝
- ժառանգության մասին ՀՀ և այլ երկրների օրենսդրության իմացություն, նոտարական ոլորտի փաստաթղթերի մասին պատկերացում
- Արդի պայմանագրեր և արագաշարժություն
Արդյո՞ք մասնակիցները համաձայն են պատասխանների արդյունքների հետ՝
Հարցմանը մասնակցած և ստուգումը չանցած անձանց 20 տոկոսը կարծում է, որ թարգմանվող տեքստերի ընտրության մեջ որոշակի փոփոխություններ մտցնելու պարագայում որակավորման ստուգումը կունենա առավել անկողմնակալ մոտեցում։
ԻՆՏԵՐՊՐԵՍ ԱՐՄԵՆԻԱ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր մասնակցեցին հարցմանը և իրենց անկեղծ կարծիքով կիսվեցին։
Վերջին մեկնաբանությունները