Ինչո՞ւ ես չեմ կարողանում խոսել անգլերեն

Ինչո՞ւ ես չեմ կարողանում խոսել անգլերեն

«Էդպես էլ անգլերեն խոսել չսովորեցի»

«Մի տարի գնացի կուրսերի, վարժությունները շատ լավ անում էի, բայց մեկա պահը գալիս ա, չեմ կարողանում խոսել»

«Էս ինչ դժվար ա անգլերենը․ մի օրենք ես սովորում, հետո հարյուր հատ բացառություն են ասում»

«Էս հավելվածները հիմարություն են, էս տեմպերով մի տաս տարում նոր կխոսեմ անգլերեն»

«Անգլերենը իմ համար չի»

«Հինգ անգամ դասընթացների գրանցվեցի, կեսից թողեցի» ․․․

Այս արտահայտությունները ծանո՞թ են հնչում։ Դու՞ էլ ես այն մարդկանցից, ովքեր այդպես էլ չսովորեցին անգլերեն խոսել։

Արի փորձենք միասին հասկանալ, թե ինչու։

Ահա անգլերեն խոսել չկարողանալու 4 պատճառ

  1. Սխալ մոտեցում լեզվին
  2. Կաշկանդվել կամ ինքնավստահության պակաս
  3. Ժամանակից շուտ հիասթափվել
  4. Հետևողականության բացակայություն

 

1․ Սխալ մոտեցում լեզվին

Քեզ համոզել են, որ անգլերեն խոսելու համար պետք է անգիր անես արտահայտություններ։ Բայց որքան էլ անես, չես կարողանալու խոսել, մինչև որ իմացածդ գործի չդնես։

Բանն այն է, որ սովորելը պասիվ գործընթաց է, իսկ խոսելը՝ արդեն ակտիվ։

Սովորելու համար դու ստիպված չես որևէ բան անել, իսկ արդեն խոսելու համար դու պետք է ակտիվ գործողություններ անես․ գործի դնես պասիվ գիտելիքդ։

Այդ իսկ պատճառով շատ մարդիկ սովորում են, գիտեն քերականական բոլոր կանոնները, գերազանց կատարում են վարժությունները, բայց երբ հերթը գալիս է խոսելուն, չեն կարողանում։ Մինչդեռ կան մարդիկ, ովքեր չգիտեն քերականական կանոնները, չեն տիրապետում լեզվի ճիշտ կիրառմանը, բայց խոսում են վարժ։

Բանն այն է, որ դու սովորում ես ակադեմիական անգլերեն, դու ուսումնասիրում ես անգլերենը, ոչ թե կիրառում։

Իրականում լեզուն սովորելու համար պետք չէ իմանալ լեզվի պատմությունը, զարգացման փուլերը, ստեղծումը, եթե լեզվաբան չես դառնալու։

Լեզուն տիրապետելու, լեզվով հաղորդակցվելու համար պետք է հասկանալ լեզուն կրողին, պետք է կարողանալ միտքն արտահայտել հենց այնպես, ինչպես լեզվակիրը։

 

Օգտվում ես միայն մի աղբյուրից, օրինակ՝ հավելվածներից, որոնք խոստանում են քեզնից շատ ժամանակ չխլել և օրական 10-15 րոպե տրամադրելով <<խոսեցնել>> անգլերեն։ Դրանք, իհարկե, իրենց տեղն ունեն անգլերենի խոսակցական հմտության զարգացման մեջ, բայց միայն դրանք չեն կարող օգնել։

Իրականում անգլերեն խոսել կարողանալու ընթացքի 90 տոկոսը  կատարվում է դասասենյակից դուրս։

Անգլերեն խոսելու համար պետք է հնարավորինս ստեղծես շուրջդ անգլերեն միջավայր, լսես, կարդաս, խոսես անգլերեն ամեն օր։

Նայիր հնարավորինս շատ հեռուստատեսային հաղորդումներ, յութուբյան ալիքներ, ֆիլմեր անգլերենով։

Կարդա որքան հնարավոր է շատ գրքեր, պատմվածքներ անգլերենով,

Որքան շատ ներգրավես քեզ անգլերեն միջավայրի մեջ, այնքան շատ կհասկանաս, թե ինչպես կիրառել անգլերենը իրական կյանքում։

Լեզուն տիրապետելու համար պետք է սովորել նաև անգիտակից, բնազդաբար։ Այսինքն՝ որքան լսես (օրինակ գործ անելիս), այնքան անգլերենը կնստի ենթագիտակցությանդ մեջ։ Նաև կողքից մարդկանց անգլերենով հաղորդակցվելիս հետևելը կարող է քեզ տալ ահռելի փորձ։

 

2․ Դու կաշկանդվում ես

Երբեմն մենք այնքան անինքնավստահ ենք լինում մեզ վրա և մեր գիտելիքների, որ անգամ չենք կարողանում մեր իմացածը ցույց տալ։ Երբ գալիս է պահը խոսելու, մեր մտքերն արտահայտելու, մենք կաշկանդվում ենք ու չենք կարողանում արտահայտել մեր միտքը։

Դու վախենում ես սխալվելուց, վախենում ես, որ մարդիկ քեզ անընդհատ ուղղեն։

Մի մտածիր հնչերանգի, արտասանության մասին, մի վախեցիր սխալվել, այլ ուղղակի խոսիր։

 

3․ Ժամանակից շուտ ես հիասթափվում 

Սկսում ես լեզուն սովորել ու այն շատ բարդ ու անհաղթահարելի է թվում։ Դու հիասթափվում ես ու որոշում, որ միևնույնն է ոչինչ չի ստացվի ու հրաժարվում անգլերեն խոսելու մտքից։ Այնինչ առաջընթացն ու արդյունքը հաջորդ խաչմերուկում քեզ էին սպասում։

 

4․ Դու հետևողական չես

Խանգարող հանգամանքներից է նաև հետևողական չլինելը, որի պատճառներից մեկը նա է, որ անգլերեն սովորելիս քեզ չհետաքրքրող գրքեր ես կարդում, քեզ չհետաքրքրող վարժություններ անում, և հետևաբար՝ շուտ ձանձրանում։

Արդյունքը լինում է այն, որ դու շատ շուտ հոգնում ես, այլևս մոտիվացիա չես ունենում սովորելու, սովորելը քեզ համար դառնում է պարտականություն, և այն էլ` ոչ հաճելի։ Դու սկսում ես շատ հազվադեպ տրամադրել ժամանակ պարապելուն, դասերին և հետևաբար արդյուքը չես տեսնում ու շուտով լրիվ թողնում ես դասերդ՝ մտածելով, որ դու չկարողացար, կամ լեզու սովորելը շատ դժվար է։

Ու սկսում ես համոզել ինքդ քեզ, որ անգլերենի համար պետք են տարիներ։

Ուստի այնպես արա, որ այն նյութերը կամ այն մեթոդը, որը դու ես ընտրել անգլերեն սովորելու համար, հետաքրքրի հենց քեզ։

Երբ այն քեզ համար հետաքրքրական է, դու ստիպված չես լինում ինքդ քեզ համոզել սովորել, սիրով ես մոտենում և հետևաբար հետևողական ես լինում և շուտով արդյունքը տեսնում։

 

 Անգլերեն խոսելու հետադարձ պլանը

 

Ներբեռնիր անգլերեն խոսելու քո պլանը այստեղ՝

English speaking weekly planner

Ինտերպրես Արմենիան ներկայացնում է ՀԵՏԱԴԱՐՁ ՊԼԱՆ մեթոդը, որից կարող ես օգտվել անգլերեն խոսել սովորելու համար։

Խոսելու հետադարձ պլանը այն է, որ սկսում ենք լեզվին ծանոթանալ հենց լսելով և խոսելով։

Արի հիշենք, թե ինչպես ենք ես և դու սկզբում խոսել մեր մայրենի լեզուն։

Մինչ խոսելը դու չես իմացել հայերեն որևէ քերականության, շարադասության կանոն, դու անգամ չես իմացել տառերը։

Ու մի օր հայալեզու միջավայրում գտնվելուց հետո սկսել ես խոսել, բառերը միացնել իրար ու հայերեն խոսք կապել։

Արդյո՞ք գիտեիր նախադասության շարադասությունը, գիտեի՞ր, որ նախադասության մեջ ենթական նախորդում է ստորոգյալին։ Ոչ, դժվար թե, եթե իհարկե մայրիկդ լեզվաբան չի եղել և 1 տարեկանից քեզ քերականական կանոններ չի բացատրել։

Երբ փոքր ես ու դեռ չես կարողանում խոսել, ասել այն, ինչ ցանկանում ես, որևէ մեկը չի կանչում քեզ, գիրքը բացում ու քերականություն սովորեցնում։

Խոսելուց հետո արդեն միայն դու սկսում ես տառերը սովորել։

Ահա այն մեթոդը, որից օգտվելով՝ դու կարող ես կոտրել սխալ դրված հիմքը, հակադարձել սխալ մեթոդը և հետևողականորեն հասնել արդյունքի մեկից երկու ամսում։

 

  •  Թերթիկում կարմիրով գրված է I CAN SPEAK ENGLISH VERY WELL. (Ես կարողանում եմ խոսել անգլերեն շատ վարժ):

Այս արտահայտությունը քեզ կներշնչի և որոշ ժամանակ շարունակ նայելուց հետո կկոտրի այն կարծիքը, որ դու չգիտես կամ չես կարողանում խոսել անգլերեն։ Դրանից հետո նոր անցիր պրակտիկ, գործնական քայլերի և սկսիր հետևել պլանին։

 

  • Մոռացիր քերականական կանոնների մասին, այն ինչ գիտես ու անգիր ես արել նախկինում։

 

  • Գտիր յութուբում անգլերենով մի ալիք, որը քեզ կհետաքրքրի։ Այն, ինչ ես դու սիրում նայել, ինչը հիմա քեզ կհետաքրքրի, որոնք են այն ոլորտները, որոնցով հետաքրքրված ես ու հաճույքով կլսես։ Կազմիր ցանկ, հետևիր այդ ալիքներին և օրական 30-50 րոպե տրամադրիր դրանց։

 

  • Լսիր փոդքասթներ անգլերենով։ Մի շարք տեխնոլոգիական նորամուծությունների հետ մեկտեղ ի հայտ եկավ վերջերս փոդքասթը՝ աուդիոձևաչափով աուդիոպատմություններ և զրույցներ։ Սա հիանալի միջոց է՝ մարզելու քո ունկնդրման կարողությունը, որը քեզ կօգնի հասկանալ խոսակցին՝ առանց հարցական դեմքով նայելով նրան։
  • Ներբեռնիր պլանը և տես անգլերենով փոդքասթների քո ցանկը։

 

  • Կազմիր երգերի ցանկ, որոնք շատ ես սիրում, և ամեն օր մի երգ ընտրիր ու լսիր այդ երգը։ Այո, այո, մի քանի անգամ։ Լսելուց հետո նաև գտիր ու կարդա երգերի բառերը։ Հավատա, մի քանի օր անց բավականին արտահայտություններ կհիշես ու անգամ կօգտագործես՝ հպարտությամբ ցուցադրելով դա քո ընկերական միջավայրում։

 

  • Երբ արդեն որոշ չափով գիտես բառեր, վերցրու մի տետր, և քո մտքերը փորձիր թղթին հանձնել անգլերենով։ Եթե ցանկանում ես իմանալ որևէ ճաշատեսակի բաղադրատոմսը։ Փորձիր գտնել դա որոնողական համակարգում անգլերենով և կարդալ։

 

  • Անգլերենի կուրս ընտրի քո համար, որտեղ ստիպված չես լինի սովորել նորից տարբերել ժամանակաձևերի անունները անգլերենում կամ պայմանական եղանակով նախադասությունների այո-ն և ոչ-ը։

 

  • Գտիր մեկին, ում հետ կարող ես խոսել անգլերեն։ Պարտադիր չէ, որ այդ մեկը լինի հենց լեզվակիր, կարող է լինել անգամ քո ընկերներից մեկը, ով քեզ հետ սովորում է անգլերեն։ Այս կերպ դուք կարող եք կիրառել ձեր սովորածը։

 

Պլանավորումները արված են դեղին գույնով, որը խորհրդանշում է էներգիա, լավատեսություն։ Յուրաքանչյուր հանձնանարարության նայելիս դու պետք է լցվես էներգիայով ու հավատով, որ այն քեզ օգնելու է ևս մեկ քայլով մոտենալ քո նպատակին։

 

Հետևություն՝

Լեզուն գիտություն չէ, որ ուսումնասիրես։ Լեզուն խաղ է, որը պետք է կարողանաս խաղալ։

Հաղորդակցման համար ենթագիտակցությունն ու գիտակցությունը պետք է հաջորդաբար գործի դրվեն, պասիվն ու ակտիվը։ Պետք է լսես ու կիրառես, պետք է լսես և խոսես հավասարապես։

Այլապես քերականական կանոններն ու բառապաշարն անգիր անելը կխլեն քեզնից տարիներ մինչ կարողանաս խոսք կապել իրար։

Համաձայնիր, որ հասուն տարիքում մենք լեզվին տրամադրելու ժամանակ չունենք։ Սովորել քերականական կանոններ, որոնք քեզ չեն օգնելու, ավելին՝ խանգարելու են այլ լեզվով հաղորդակցվելուն։

Ահա այն սխալ մեթոդը, որը քեզ չի թողնում խոսել վարժ անգլերեն։

 

Ներբեռնել անգլերեն խոսելու շաբաթական պլանը